ԱՄՆ-ում դատարանը երկրորդ անգամ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին պարտավորեցրել է ապասառեցնել օտարերկրյա պետություններին տրամադրվող օգնությունը, հաղորդում է Associated Press գործակալությունը:
«Փետրվարի 25-ին դաշնային դատավորը Թրամփի վարչակազմին երկու օրից պակաս ժամանակ է տվել ԱՄՆ-ի՝ միլիարդավոր դոլարների հասնող արտաքին օգնությունն ապասառեցնելու համար։ Դատարանն ասել է, որ վարչակազմը չի կատարել ֆինանսավորման սառեցումը թուլացնելու վերաբերյալ իր՝ 2 շաբաթ առաջ կայացրած վճիռը»,- ասվում է հրապարակման մեջ։
Թրամփը նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո՝ հունվարի 20-ին, հրամանագիր է ստորագրել, որով 90 օրով կասեցրել էր զարգացման նպատակով այլ երկրներին օգնություն տրամադրելը։ Նա իր հրամանում նշել էր, որ պետք է ստուգեն այդ ծրագրերի համապատասխանությունն ԱՄՆ արտաքին քաղաքականությանը։
Փետրվարի 3-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վաշինգտոնում փակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կենտրոնակայանը։ Նշվում էր, որ Թրամփը դիտարկում է USAID-ը Պետքարտուղարության հետ միավորելու հարցը։
«Հրապարակը» փետրվարի 5-ին գրել էր, որ USAID-ի գործունեությունը դադարեցնելու որոշումը խուճապ է առաջացրել Հայաստանում, քանի որ քաղակտիվիստների մի մեծ խումբ տարիներ շարունակ սնվում էր ամերիկյան ծրագրերից։ Փետրվարի 6-ին թերթը գրել էր, որ կառավարությունը պատրաստվում է ներգրավել հավատարիմ օլիգարխներին՝ ֆինանսավորելու այդ կազմակերպություններին։