Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ Վաշինգտոնի ճնշման և պատժամիջոցների ներքո, փոխանցում է Reuters-ը։
«Իրանի դիրքորոշումը միջուկային բանակցությունների վերաբերյալ հստակ է, և մենք ճնշման և պատժամիջոցների ներքո չենք բանակցելու»,- Արաղչիի խոսքերն է մեջբերել գործակալությունը։
Նախարարն ընդգծել է, որ «ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններն անհնարին են, քանի դեռ այդ կերպ առավելագույն ճնշում է գործադրվում»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 4-ին հրամանագիր էր ստորագրել Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը վերսկսելու մասին, այդ թվում՝ իրանական նավթի արտահանման կրճատմանն ուղղված միջոցառումները։ Միաժամանակ՝ նա հայտնել էր բանակցությունների և Թեհրանի հետ «հիանալի գործարք» կնքելու պատրաստակամության մասին։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիվ գործողության և բացառել էր բանակցությունները։ Փետրվարի 9-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ նախընտրում է գործարք կնքել Իրանի հետ, քան հարվածել երկրին: