ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը զանգվածային կրճատումներ է սկսել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում (USAID), որը կազդի հազարավոր աշխատակիցների վրա, ասված է ՄԶԳ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Հրապարակման համաձայն՝ այսօր կեսգիշերին ողջ աշխարհում գործակալության աշխատակիցների մեծ մասը վարչական արձակուրդի կուղարկվի:
Բացառություն կկիրառվի ԱՄՆ ՄԶԳ անձնակազմի համար, որը պատասխանատու է կարևորագույն առաջադրանքների և հատուկ ծրագրերի իրականացման, ինչպես նաև «իրական ղեկավարություն» ապահովելու համար:
«Միևնույն ժամանակ, ԱՄՆ ՄԶԳ-ն սկսում է աշխատուժի կրճատում, որը կազդի ԱՄՆ-ում բնակվող շուրջ 1600 աշխատակցի վրա», – ասված է հայտարարության մեջ:
Արտերկրում տեղակայված աշխատակիցներին առաջարկվել է կառավարության ծախսերով վերադառնալ ԱՄՆ և ստանալ որոշակի արտոնություններ:
Ինչպես պարզաբանում է The Washington Post-ը, գործակալության շուրջ 2000 աշխատակից, որոնք ուղարկվել են այլ երկրներ, կարող են կրճատվել:
ՄԶԳ-ն ֆորմալ առումով անկախ գործակալություն է, բայց, իրականում, այն գործում է Պետդեպարտամենտի շրջանակներում: Փետրվարի 6-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ USAID-ի աշխատակազմը մոտավորապես 13 000-ից կկրճատվի 294-ի:
Փետրվարի 3-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վաշինգտոնում փակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կենտրոնակայանը։ Նշվում էր, որ ԱՄՆ նախագահը դիտարկում է USAID-ը Պետքարտուղարության հետ միավորելու հարցը։
2024 թվականի սեպտեմբերին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով Հայաստանին հատկացվող ֆինանսավորման ավելացմանը մինչև 250 միլիոն դոլարի չափով։ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև 2022 թվականի հունիսի 29-ին ստորագրված դրամաշնորհային պայմանագրով այս գումարը կազմել էր 120 մլն դոլար։