Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդունել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին, հայտնում է Իսրայելում Ադրբեջանի դեսպանատունը։
Դիվանագիտական առաքելությունը նշել է, որ կողմերը քննարկել են Ադրբեջանի և Իսրայելի երկկողմ համագործակցության հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային իրադարձությունները։
«Հաջիևը Նեթանյահուին է փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ողջույնները։ Վարչապետ Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել և խնդրել է իր ողջույնները փոխանցել նախագահ Ալիևին»,- ասվում է գրառման մեջ։
Փետրվարի 15-ին Jerusalem Post-ը հրապարակել էր հոդված՝ Իսրայելին կոչ անելով աջակցել Ադրբեջանին։ Հոդվածի հեղինակ Մորդեխայ Քեդարը գրել էր, որ Իսրայելը պետք է ակտիվորեն աջակցի Ադրբեջանին Հայաստանի հետ հակամարտությունում, հատկապես՝ «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողության հարցում և որ այս երթուղին կարող է թուլացնել Թեհրանի ազդեցությունը տարածաշրջանում։
Հունվարի 27-ին Jerusalem Post-ի սյունակագիրներ Դեն Փերին և Գիլադ Շերը, ընդհակառակը, քննադատել էին Ադրբեջանի հետ Իսրայելի ռազմավարական գործընկերությունը: Իրենց հոդվածում նրանք Իսրայելին կոչ էին արել վերանայել աջակցությունն Ադրբեջանին, հատկապես հաշվի առնելով Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիվ քաղաքականությունը: Հայաստանի ինքնիշխանության ոտնահարումը, նրանց կարծիքով, կուժեղացնի Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում և կհանգեցնի ապակայունացման, ինչը չի բխում Իսրայելի երկարաժամկետ շահերից։