Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է օգնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը և իդեալական հարթակ է դա անելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Հաշվի առնելով ակտիվ դիվանագիտությունը, որը մենք վարել ենք վերջին 13 տարիների ընթացքում՝ շփվելով բոլոր կողմերի հետ, մեր երկիրը Ռուսաստանի, Ուկրաինայի և Ամերիկայի միջև հնարավոր բանակցությունների համար իդեալական հարթակ կլինի»,- ասել է Էրդողանն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Թուրքիայի ղեկավարը հիշեցրել է, որ «հակամարտության սկզբից ի վեր՝ ձեռք բերված շփումների արդյունքում իրագործվել է սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը»։
«Վերջին երեք տարիների ընթացքում մենք բոլոր մակարդակներում ուղղակի նախաձեռնություններ ենք իրագործել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ: Այդ ջանքերում անկեղծորեն փորձել ենք վստահելի միջնորդ լինել երկու կողմերի համար և հասել ենք կոնկրետ արդյունքների»,- ասել է Էրդողանը։
Նա առանձին նշել է, որ «ուկրաինական հացահատիկն առաքվել և առաքվում է Սիրիա»։
Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման գործընթացը մեկնարկել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Փետրվարի 15-ին Սաուդյան Արաբիան պատրաստակամություն էր հայտնել երկրում ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը։ Փետրվարի 16-ին ԱՄՆ պատվիրակությունը մեկնել էր Սաուդյան Արաբիա՝ ՌԴ ներկայացուցիչների հետ բանակցությունների նպատակով։
Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել։