Եվրոպական երկրների առաջնորդները տարակարծիք են Ուկրաինա զորք ուղարկելու հարցի շուրջ, գրում է Financial Times-ը։
Ըստ թերթի՝ Փարիզում կայացած ԵՄ առաջնորդների հանդիպմանը Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը և Իսպանիան իրենց դժկամությունն են հայտնել Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցում։ ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է Լոնդոնի պատրաստակամության մասին՝ զինված ուժեր ուղարկել Ուկրաինա՝ վերահսկելու խաղաղ համաձայնագրի կատարումը։ Գագաթնաժողովին մասնակցել է նաև Բրիտանիան, թեև Եվրամիության անդամ չէ, նշում է FT-ն։
Գագաթնաժողովից հետո Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը «չափազանց անպատշաճ» է անվանել Ուկրաինայում զորքերի տեղակայման քննարկումը` նշելով, որ հակամարտությունը դեռ շարունակվում է:
«Այս քննարկումը բոլորովին ժամանակավրեպ է և հիմա դրա համար հարմար ժամանակը չէ»,- ասել է նա։
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, իր հերթին, մյուս առաջնորդներին վստահեցրել է, որ վարանում է զորք ուղարկելու հարցում: Նրա խոսքերին ծանոթ FT-ի աղբյուրներն ասում են, որ քաղաքական գործիչը նման սցենարը բնութագրել է որպես բոլոր հնարավորներից «ամենադժվարն ու ամենաքիչ արդյունավետը»: Իսպանիան ևս հարց է բարձրացրել զորքի տեղակայման վերաբերյալ։
Սթարմերը նշել է, որ ինքը «պատրաստ է դիտարկել բրիտանական զորքերն այլոց հետ միասին Կիևուղարկելու հարցը, եթե կայուն խաղաղության համաձայնություն ձեռք բերվի»: Սակայն վարչապետը նշել է, որ ռազմական գործողությունների վերսկսումից խուսափելու միակ արդյունավետ միջոցն Ուկրաինային ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքներ տալն է։
Գերմանիան, Իտալիան և Լեհաստանը նույնպես գագաթնաժողովից հետո հանդես են եկել հօգուտ այն տեսակետի, որ ԱՄՆ-ն շարունակի մասնակցել Ուկրաինայի անվտանգության ապահովմանը, գրում է FT-ն։
Փետրվարի 15-ին Սաուդյան Արաբիան պատրաստակամություն էր հայտնել երկրում ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը։ Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց էին ունեցել փետրվարի 12-ին։ Զրույցից հետո Թրամփը հայտնել էր, որ Պուտինի հետ պայմանավորվել է բանակցային գործընթաց սկսել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։
Փետրվարի 16-ին ԱՄՆ պատվիրակությունը մեկնել էր Սաուդյան Արաբիա՝ ՌԴ ներկայացուցիչների հետ բանակցությունների նպատակով։
Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել են Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները։