ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) բարեփոխման որոշումներն անշրջելի են, քանի որ այնտեղ կոռուպցիան «աննախադեպ մակարդակի վրա էր», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Արմատական ձախերը խելագարվում են USAID-ի պատճառով։ Բայց դրա դեմ ոչինչ անել չեն կարող, քանի որ գումարը ծախսվել է, խարդախության չափն անընդունելի է։ Կոռուպցիան աննախադեպ մակարդակի վրա էր։ Փակեք այն»,- կոչ է արել Սպիտակ տան ղեկավարը Truth Social սոցիալական ցանցում:
Այսօր ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ USAID-ի աշխատակիցներին ներկայացնող երկու արհմիություններ դատական հայց են ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ։
Փետրվարի 3-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վաշինգտոնում փակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կենտրոնակայանը։ Նշվում էր, որ Թրամփը դիտարկում է USAID-ը Պետքարտուղարության հետ միավորելու հարցը։
«Հրապարակը» փետրվարի 5-ին գրել էր, որ USAID-ի գործունեությունը դադարեցնելու որոշումը խուճապ է առաջացրել Հայաստանում, քանի որ քաղակտիվիստների մի մեծ խումբ տարիներ շարունակ սնվում էր ամերիկյան ծրագրերից։ Փետրվարի 6-ին կայքը գրել էր, որ կառավարությունը պատրաստվում է ներգրավել հավատարիմ օլիգարխներին՝ ֆինանսավորելու այդ կազմակերպություններին։