ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել պաղեստինցիների վերաբնակեցումն այլ վայրում և հայտարարել, որ ԱՄՆ-ն վերահսկողության տակ կվերցնի պատերազմից ավերված Գազան և այնտեղ «Մերձավոր Արևելքի Ռիվիերա» կստեղծի, հաղորդում է Reuters-ը: Այս մասին Թրամփը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ Սպիտակ տանը հանդիպելուց առաջ։
ԱՄՆ նախագահը չի բացառել, որ Գազայում անվտանգության վակուումը լցնելու համար այնտեղ ամերիկյան զորք կուղարկի:
«Կարծում եմ՝ դա ավելի մեծ կայունություն կբերի Մերձավոր Արևելքի այս հատվածին և, հնարավոր է, ամբողջ տարածաշրջանին»,- ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կարող է վերահսկողության տակ վերցնել Գազայի հատվածը, զարգացնել այն, հազարավոր աշխատատեղեր ստեղծել և այդ տարածքը դարձնել այնպիսին, որով «ամբողջ Մերձավոր Արևելքը կարող է իսկապես հպարտանալ»։
Թրամփը նաև հայտարարել է Գազա, Իսրայել և Սաուդյան Արաբիա այցելելու ծրագրերի մասին, սակայն չի հստակեցրել ժամկետները:
Իսրայելի վարչապետը հրաժարվել է քննարկել Գազայի հատվածը «գրավելու» Վաշինգտոնի առաջարկը, սակայն հայտարարել է, որ Թրամփը «մտովի դուրս է գալիս ստանդարտ մոտեցումից և թարմ գաղափարներ է առաջարկում»՝ «պատրաստակամություն հայտնելով ոչնչացնել ավանդական մտածողության օրինաչափությունները»։
Reuters-ը նշել է, որ Գազայում ԱՄՆ-ի ուղղակի մասնակցությունը հակասում է Վաշինգտոնի վաղեմի քաղաքականությանը և միջազգային հանրության մեծ մասի դիրքորոշմանը, ըստ որի՝ Գազան պետք է դառնա ապագա պաղեստինյան պետության մի մասը՝ գրավյալ Արևմտյան ափի հետ։ Պաղեստինցիների հարկադիր վերաբնակեցման դեմ են հանդես եկել Չինաստանը, Թուրքիան, Ռուսաստանը և Մերձավոր Արևելքի շատ երկրներ: Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ներկայացուցիչ Սամի Աբու Զուհրին անկլավը գրավելու մտադրության մասին Թրամփի հայտարարությունն անվանել է «ծիծաղելի և անհեթեթ»։
Թրամփը հունվարի 25-ին հայտարարել էր Գազայի հատվածից Եգիպտոս և Հորդանան պաղեստինցիների տեղափոխման հնարավորության մասին: Նրա խոսքով՝ խոսքը մոտ 1,5 մլն մարդու մասին է։ Եգիպտոսի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև Պաղեստինի ազգային վարչակազմի և արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչները մերժել են «բոլոր հանգամանքներում» իրենց տարածքներից պաղեստինցիների վերաբնակեցման հնարավորությունը: