Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է Գազայի բնակիչներին արաբական երկրներում վերաբնակեցնելու փոխարեն իսրայելցիներին վերաբնակեցնել Գրենլանդիայում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Իմ առաջարկն այլ է: Պաղեստինցիների փոխարեն թող փորձեն արտաքսել իսրայելցիներին, տանեն Գրենլանդիա: Այդ կերպ նրանք կարող են մեկ քարով երկու թռչուն սպանել»,- ասել է Արաղչին՝ մեկնաբանելով Թրամփի խոսքերն անկլավի բնակիչների հնարավոր վերաբնակեցման մասին։
Հունվարի 25-ին Թրամփը հայտարարել էր, որ հնարավոր է համարում արաբական երկրներում վերաբնակեցնել Գազայի հատվածի այն բնակիչներին, ովքեր կորցրել են իրենց տներն Իսրայելի ներկայիս ռազմական գործողությունների արդյունքում։ Խոսքը 1,5 միլիոն մարդու մասին է, որոնք պետք է վերաբնակեցվեն Գազայի հատվածից դուրս։ Թրամփը հավելել էր, որ այս հարցն արդեն քննարկել է Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ։
2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի հետախուզության նախարարությունն առաջարկել էր պատերազմի ժամանակ Գազայի հատվածի 2,3 միլիոն բնակիչների տեղափոխել։ Գործակալությունը նշել էր, որ Եգիպտոսն ու Հորդանանը կտրականապես մերժել են Գազայից փախստականներ ընդունելու գաղափարը, և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին նախազգուշացրել էր մեծ թվով պաղեստինցիների՝ Սինայի թերակղզի տեղափոխելու հետևանքների մասին: