ԱՄՆ-ի վարչակազմը նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո եվրոպական երկրների իշխանությունների հետ շփումների է անցել, ինչը Բրյուսելի համար «սառը ցնցուղ» է, գրում է Politico-ն։
Պարբերականը նշել է, որ Թրամփի երդմնակալության արարողությանը ԵՄ ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի հրավիրվել։ Անպատասխան է մնացել նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի նամակն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, որով նրան հրավիրում էր մասնակցել ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը:
«Ռուբիոն խոսեց ավելի քան մեկ տասնյակ արտգործնախարարների հետ, բայց ոչ մի ԵՄ պաշտոնյայի»,- նշում են Politico-ի դիտորդները՝ հավելելով, որ սա արմատական փոփոխություն է «բարեկամական հարաբերություններում», որը Բրյուսելը պահպանել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ։
Ըստ պարբերականի՝ Բրյուսելում աճում են մտավախությունները, որ Թրամփի վարչակազմը շահագրգռված չէ համաեվրոպական ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ։
Հունվարի 20-ին Թրամփը պաշտոնապես ստանձնել էր ԱՄՆ նախագահի պաշտոնը։ 2024 թվականի նոյեմբերի 6-ին նա հայտարարել էր ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին։