Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը փուլային համաձայնություն են ձեռք բերել Գազայի հատվածում պատերազմի ավարտի մասին, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ համաձայնագիրը նախատեսում է վեցշաբաթյա նախնական զինադադար և ներառում է իսրայելական զորքերի աստիճանական դուրսբերում Գազայի հատվածից և իսրայելցի պատանդների ազատ արձակում՝ Իսրայելի կողմից պահվող պաղեստինցի գերիների դիմաց։ Համաձայնագրի առաջին փուլը նախատեսում է 33 իսրայելցի պատանդների ազատ արձակում, այդ թվում՝ 50-ն անց բոլոր կանայց, երեխաներին և տղամարդկանց։
Երկրորդ փուլի իրականացման բանակցությունները կսկսվեն առաջին փուլի 16-րդ օրը և կներառեն մնացած պատանդների ազատ արձակումը, մշտական զինադադարի ձեռքբերումը և Իսրայելի զորքերի ամբողջական դուրսբերումը Գազայից:
Սպասվում է, որ երրորդ փուլում կվերադարձվեն մահացածների մարմինները և կսկսվի Գազայի հատվածի վերակառուցումը Եգիպտոսի, Կատարի և ՄԱԿ-ի հսկողության ներքո:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ՀԱՄԱՍ-ը պաշտոնապես հաստատել է, որ համաձայնության է եկել Իսրայելի հետ Գազայի հատվածում հրադադարի շուրջ։ Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ Թանին հայտարարել է, որ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից։ Նա հաստատել է, որ ՀԱՄԱՍ-ն Իսրայելի հետ գործարքի առաջին փուլում ազատ կարձակի 33 պատանդների։ Ալ Թանիի խոսքով՝ միջնորդները Գազայի հատվածից իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերումն ապահովելու համար բանակցությունների շարունակության երաշխավորներն են։
2023-ի հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով երկրում զոհվել է մոտ 1200 մարդ, իսկ ավելի քան 240-ը պատանդ են մնացել: 2023 թվականի նոյեմբերի վերջին ժամանակավոր զինադադարի ժամանակ ավելի քան 100 պատանդ էր ազատվել։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2025 թվականի հունվարի 15-ի դրությամբ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել էր 46 707-ի, վիրավորվել էր 110 265 մարդ։