Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կեղծ նամակը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին քաղաքական պատվեր է և «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի մարդատար ինքնաթիռի վթարը շահարկելու փորձ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին։
«Համացանցում տարածվում է այսպես կոչված նամակ՝ իբր ՌԴ ԱԳ նախարարից՝ ուղղված Ադրբեջանի արտգործնախարարին, գրված անգլերենով, որում ասվում է, որ մեր երկիրը իբր չի կարող երաշխավորել ռուսական օդային տարածքի անվտանգ օգտագործումը։ Սա ցինիկ և կոպիտ ֆեյք է։ Սա կեղծիքի օրինակ է, որը հաշվարկված է էմոցիոնալ արձագանք առաջացնելու համար»,- ընդգծել են նախարարությունից:
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ «ակնհայտ է, որ նման չարամիտ ապատեղեկատվության հետևում քաղաքական պատվեր կա և փորձ է շահարկել դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիների» մարդատար ինքնաթիռի կործանման թեման»։
2024 թվականի դեկտեմբերի 25-ին Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Ղազախստանի արևմտյան Ակտաու օդանավակայանի մոտ։ Ինքնաթիռում 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ էին։ Ավիավթարի հետևանքով 38 մարդ էր մահացել, 29 փրկվածներ հոսպիտալացվել էին։
Ավելի ուշ ադրբեջանական և արևմտյան մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ կործանման պատճառն արձակված ռուսական «երկիր-օդ» հրթիռն էր, որի բեկորները պայթել էին ինքնաթիռի կողքին։ Դեկտեմբերի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ալիևի հետ զրույցում ներողություն էր խնդրել ՌԴ օդային տարածքում AZAL ինքնաթիռի հետ կապված միջադեպի համար։
Հունվարի 6-ին Ալիևն ինքնաթիռի կործանման մեջ մեղադրել էր Ռուսաստանի ներկայացուցիչներին։