ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ դեմոկրատ Բրեդ Շերմանն ընտրվել է Կոնգրեսի Հայաստանի հարցերով հանձնախմբի փոխնախագահ:
Շերմանն իր խոսքում նշել է, որ շուրջ երեք տասնամյակ նվիրվել է Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը, հակահայկական ատելության դեմ պայքարին և ամերիկահայ համայնքի շահերի պաշտպանությանը:
«Որպես փոխնախագահ՝ հիմնվելու եմ այս ժառանգության վրա և աշխատելու եմ գործընկերներիս հետ՝ Հայաստանի և նրա ժողովրդի ժողովրդավար, անվտանգ և բարգավաճ ապագայի համար»,- նշել է պաշտոնյան:
Կոնգրեսի՝ շուրջ 100 ներկայացուցչից բաղկացած հանձնաժողովն զբաղվում է հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմամբ և հայկական խնդիրների առաջխաղացմամբ:
Փետրվարի 28-ին Շերմանը Բաքվին մեղադրել էր սումգայիթյան ջարդերից 36 տարի անց Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ ագրեսիվ քաղաքականության մեջ և Վաշինգտոնին կոչ էր արել դադարեցնել ամերիկյան օգնությունն Ադրբեջանին:
2023թ․ հունվարին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ էր ներկայացվել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը դատապարտող բանաձև, որի նախաձեռնողներն էինն կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն, Շերմանը, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը և Դևիդ Վալադաոն: