Իրանը պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ, ըստ որի 12 Մի-17 ուղղաթիռ կգնի, որոնք կօգտագործվեն Իրանի Կարմիր մահիկի ընկերությանն սպասարկելու համար, հայտնում է Avio News-ը։
Նշվում է, որ գործարքի արժեքը 500 մլն դոլար է։ Ռուսական առաջին չորս ինքնաթիռները նախատեսվում է Թեհրան մատակարարել մինչև 2025 թվականի մարտ ամիսը։
Ըստ լրատվամիջոցի՝ պայմանագիրը դեռ պետք է վերջնական տեսքի բերվի Իրանի արդյունաբերության նախարարության կողմից։ Նշվում է, որ նոր ուղղաթիռները կունենան գիշերային տեսանելիության համակարգեր, որոնք թույլ են տալիս թռչել ցածր կամ վատ տեսանելիության պայմաններում։
Իրանի հյուսիս-արևմուտքում նախագահին և ուղեկցող պատվիրակությանը տեղափոխող ուղղաթիռի վթարը տեղի էր ունեցել մայիսի 19-ին։ Մայիսի 20-ին Իրանի կառավարությունը հաստատել էր ուղղաթիռի վթարի հետևանքով Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության, այդ թվում՝ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատիի և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի ալ-Հաշեմի զոհվելու լուրը։ Ռայիսին վերադառնում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից, որի հետ մայիսի 19-ին մասնակցել էր «Խոդաֆերին» հիդրոէլեկտրակայանի շահագործման և «Գիզ գալասի» ՀԷԿ-ի բացման արարողությանը։
Իրանի նախագահի զոհվելուց հետո, համաձայն ԻՀՀ Սահմանադրության, առաջին փոխնախագահ Մոհամեդ Մոհբերը 50 օր ժամկետով կկատարի նախագահի պարտականությունները։ Իսլամական հանրապետությունում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին։