Իրանում շաբաթ օրը ուսանողական կազմակերպությունների կոչով վերսկսվել են բողոքի ակցիաները։ Այս մասին հայտնել է Դուբայից հեռարձակվող Al-Hadath հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ երիտասարդների ցույցերն ընթանում են Թեհրանի, Մեշհեդեի, Թավրիզի, Շիրազի և Սպահանի համալսարանական մասնաշենքերի տարածքում: Մայրաքաղաքում ակտիվիստները պահանջում են ազատ արձակել ավելի վաղ ձերբակալված 60 ուսանողների, որոնք մասնակցել են փողոցային երթերին: Նրանք դատապարտում են իշխանությունների բռնաճնշումները և ժողովրդավարական փոփոխությունների կոչ անում։
Իրավապահ ուժերի և ցուցարարների միջև բախումների մասին տեղեկություններ են ստացվել շաբաթ օրը Քուրդիստան նահանգի Սենենդեջից, ինչպես նաև Յեզդից, Գիլյանից և Մազենդերանից: Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ հուզումները երեք շաբաթվա ընթացքում ընդգրկել են Իրանի ավելի քան 30 քաղաքներ, ոստիկանության և իսլամական ժողովրդական աշխարհազորի «Բասիջ» ջոկատների հետ բախումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 83 – ի, պաշտոնական տվյալներով՝ 60-ի: Իշխանությունները ձերբակալել են ավելի քան 2,5 հազար ակտիվիստների, որոնց գործերը քննելու են դատական մարմինները։
Ինչպես շաբաթ օրը հայտարարել է Իսլամական Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադորի Ջահրոմին, անկարգություններից օգտվել են անջատողական ուժերը, որոնք ուրբաթ ահաբեկչական գործողություններ են իրականացրել Սիստան և Բելուջիստան հարավարևելյան նահանգում: Նրա խոսքով՝ դրանց հետքաշման ժամանակ զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈՒ էլիտար մասեր) երեք սպա, ևս 23 մարտիկ վիրավորվել է:
«Խռովությունները վարձու ահաբեկիչներին լավագույն հնարավորությունն են ընձեռում Իրանում քաոս սերմանելու և ժողովրդի անվտանգությունն ու միասնությունը վտանգելու համար», – նշել է Ջահրոմին:
Al-Hadath – ի տեղեկություններով՝ Սիստան և Բելուջիստան նահանգի վարչական կենտրոն Զահեդան քաղաքում խռովարարների և ԻՀՊԿ – ի ջոկատների միջև զինված բախումների զոհ է դարձել 42 մարդ: Հարձակման են ենթարկվել ուժային կառույցների շտաբային գրասենյակները։