Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Վրաստանում անցկացված բողոքի ցույցերին՝ ի պաշտպանություն Ուկրաինայի։
Զելենսկին իր Twitter-ում շնորհակալություն է հայտնել վրաց ժողովրդին՝ նշելով, որ Վրաստանի քաղաքացիներն ավելի լավն են, քան այդ երկրի իշխանությունները։
«Անհավանական վրացի ժողովուրդ, որը հասկանում է, որ ընկերներին պետք է աջակցել։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, Թբիլիսիում և այլ քաղաքներում, ով հանդես է եկել ի պաշտպանություն Ուկրաինայի և պատերազմի դեմ. իրոք, լինում են ժամանակներ, երբ քաղաքացիները կառավարությունից լավն են»,- գրել է Զելենսկին։
Փետրվարի 24-ի երեկոյան Ուկրաինայի աջակցության ակցիաներ են անցկացվել Թբիլիսիում Հանրապետության հրապարակի և Ուկրաինայի դեսպանատան մոտ: Վրաստանի և Ուկրաինայի դրոշներով և խորհրդանիշներով հարյուրավոր մարդիկ իրենց համերաշխությունն են հայտնել Ուկրաինային, հնչել են Վրաստանի և Ուկրաինայի օրհներգերը: Թբիլիսիում բողոքի ակցիա է տեղի ունեցել նաև փետրվարի 25-ին։ Մի քանի հազար մարդ պահանջել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը՝ ուկրաինական հարցում նրա դիրքորոշման պատճառով:
Ավելի վաղ Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը չի միանա Արևմուտքի ֆինանսական և տնտեսական պատժամիջոցներին, որոնք Ռուսաստանի դեմ սահմանվել են Ուկրաինայում ռազմական գործողության սկսվելուց հետո:
Ուկրաինայի աջակցության ակցիաներ են անցկացվել նաև Բաթումում, Քութայիսում և Զուգդիդիում: