Պետդուման երեքշաբթի կայացած նիստում ձայների մեծամասնությամբ պաշտպանել է որոշումը, որի համաձայն Ռուսաստանի կոմկուսի խմբակցության առաջարկած՝ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դիմելու նախագիծը կուղարկվի պետության ղեկավարին:
Այդ որոշմանը կողմ է քվեարկել 351 պատգամավոր, դեմ՝ 16-ը, մեկ պատգամավոր ձեռնպահ է մնացել։ Դրա հետ մեկտեղ Պետդուման չի պաշտպանել որոշման այլընտրանքային նախագիծը, որի համաձայն դիմումի տեքստը պետք է ուղարկվի ԱԳՆ՝ խորհրդակցություններ անցկացնելու համար: Այդ փաստաթուղթն ընդամենը 310 ձայն է հավաքել ռեյտինգային քվեարկության ընթացքում։
Ինչպես նշել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, որոշումը «կստորագրվի անհապաղ և կուղարկվի պետության ղեկավարին»: Ինչպես նշել է քաղաքական գործիչն իր Telegram-ալիքում, նախագահին ուղղված կլինի «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը որպես ինքնուրույն, ինքնիշխան և անկախ պետություններ ճանաչելու հարցը քննարկելու դիմումը«: Դոնբասում բնակվող մեր քաղաքացիներն ու հայրենակիցները օգնության և աջակցության կարիք ունեն», – նշել է նա։
Վոլոդինի խոսքով՝ պատգամավորները համոզված են, որ «ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումը հիմքեր կստեղծի արտաքին սպառնալիքներից հանրապետությունների բնակիչների անվտանգության երաշխիքների ապահովման և պաշտպանության համար, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին համապատասխան միջազգային խաղաղության և տարածաշրջանային կայունության ամրապնդման համար և սկիզբ կդնի երկու պետությունների միջազգային ճանաչման գործընթացին»: