Մեքսիկայի Խալիսկո նահանգում փետրվարի 22-ին հատուկ նշանակության ուժերի գործողության ընթացքում, որի համար հետախուզական տվյալները տրամադրել էր ԱՄՆ-ն, սպանվել է երկրի խոշորագույն և ամենաազդեցիկ նարկոկարտելներից մեկի՝ «Նոր ժամանակների Խալիսկո»-ի առաջնորդ Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսը, որը հայտնի էր Էլ Մենչո անունով, փոխանցում է ՌԲԿ-ն։
Նրա մահը զանգվածային բախումներ է առաջացրել կարտելի անդամների և իրավապահների միջև. անկարգությունների հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ:
Էլ Մենչոն ծնվել է 1966 թվականին Միչոական նահանգի ֆերմերների ընտանիքում: Հանցավոր աշխարհում նա անցել է բոլոր աստիճանները՝ սկսելով Կալիֆոռնիայում թմրավաճառությունից և վարձու մարդասպանությունից: 1994 թվականին ԱՄՆ-ում դատապարտվել է թմրամիջոցների տարածման համար և երեք տարի անցկացրել ամերիկյան բանտում: Պատիժը կրելուց հետո նա վերադարձել է Մեքսիկա և որոշ ժամանակ աշխատել որպես ոստիկան:
Մինչ սեփական կարտելի ստեղծումն Էլ Մենչոն ղեկավարել է վարձու մարդասպանների ջոկատ: «Նոր ժամանակների Խալիսկո»-ն ձևավորվել է 2010-ականներին։
«Նոր ժամանակների Խալիսկո»-ն, որը WSJ-ն անվանում է «ընտանեկան բիզնես», հետագայում ընդլայնել է իր ազդեցությունը՝ գործելով ավելի քան 60 երկրում: Կարտելում ղեկավար պաշտոններ են զբաղեցրել նաև Էլ Մենչոյի եղբայրն ու որդին. եղբայրը ձերբակալվել էր 2022 թվականին, իսկ որդին 2025-ին ԱՄՆ-ում դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Էլ Մենչոյի «գլխի համար» ԱՄՆ-ն 15 միլիոն դոլար պարգև էր սահմանել:
Օսեգերան սպանվել էր Խալիսկո նահանգի Տապալպա քաղաքում, որտեղ հիմնադրվել և տեղակայված էր նրա կարտելը։ Վաշինգտոնում Մեքսիկայի դեսպանատունը հայտնել էր, որ ռազմական գործողության համար լրացուցիչ տեղեկատվությունը տրամադրել էր Միացյալ Նահանգները։ Նահանգապետ Պաբլո Լեմուս Նավարոն հաստատել էր կարտելի անդամների և Մեքսիկայի զինված ուժերի միջև բախումների փաստը՝ առանց մանրամասներ բացահայտելու։






































