ՀԱՄԱՍ շարժումը համաձայնության է եկել ԱՄՆ-ի հետ գործարքի շուրջ, որի համաձայն շարժումը կհանձնի իր զենքը և կփոխանցի Գազայի հատվածում գտնվող ստորգետնյա թունելների քարտեզները՝ դրա դիմաց որպես քաղաքական կուսակցություն ճանաչվելու պայմանով, տեղեկացրել է Sky News Arabia հեռուստաալիքը՝ հղում անելով պաղեստինյան աղբյուրի:
Համաձայնությունների շրջանակում ՀԱՄԱՍ-ի այն քաղաքական և ռազմական ղեկավարները, որոնք կցանկանան լքել Գազայի հատվածը, կկարողանան դա անել առանց ԱՄՆ-ի կողմից հետապնդման ենթարկվելու։
Վաշինգտոնը նաև համաձայնել է, որ ՀԱՄԱՍ-ի որոշ ոստիկաններ և նախկին պաշտոնյաներ ինտեգրվեն Գազայի նոր վարչակազմում՝ պայմանով, որ անցնեն անվտանգության ստուգումներ Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից։
Աղբյուրի խոսքով՝ Պաղեստինի ազգային վարչակազմը դեմ չէ համաձայնություններին, եթե «դրանք ապահովեն պատերազմի ավարտը, հրադադարի հաստատումը և վերականգնման գործընթացի արագացումը», սակայն Իսրայելն «առարկում է գործարքի որոշ կետերի դեմ, հատկապես ՀԱՄԱՍ-ի՝ որպես քաղաքական կուսակցության պահպանման մասով»։
Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում տեղի ունեցած արարողության ժամանակ 19 երկիր ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը, որն ստեղծվել է Գազայի հատվածում խաղաղ կարգավորման շրջանակում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս կառույցը կներառի ավելի քան 50 երկիր։



































