Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հերքել է փաստաբան, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի հայտարարությունները՝ կապված հուլիսի 11-ին կալանավորված Լիանա Հարությունյանի և կալանավայրում նրա հետ գտնվող 8 ամսական երեխայի վիճակի հետ։
Փոստանջյանը հուլիսի 13-ն հայտնել էր, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի բանտախուցը, ուր գտնվում են կինն ու երեխան, չունի տաք ջուր և տաք ջուր ապահովող սարք։ Նա նաև ընդգծել էր, որ երեխան առողջական խնդիրներ է ձեռք բերել, բայց պատշաճ բուժօգնություն չի տրամադրվում։
Քրեակատարողական ծառայությունը նշել է, որ Փոստանջյանի պնդումները, թե քրեակատարողական հիմնարկի մոր և մանկան համար նախատեսված խցում տաք ջուր չկա, չեն համապատասխանում իրականությանը։ Միևնույն ժամանակ ծառայությունից հավելել են, որ այս պահին երեխան հետազոտություն է անցնում քաղաքացիական բուժհաստատությունում։
«Խցում եղել է տաք ջուր նաև գիշերային ժամերին, ինչը հաստատել են կողքի խցերում երեխաների հետ բնակվող մայրերը։ Իրականության հետ աղերս չունեն նաև սննդի մասին պնդումները։ Հարությունյանին հատկացվել է երեխաների համար նախատեսված, պատշաճ որակի սնունդ՝ կարտոֆիլի խյուս, բանջարեղեն և կաթի փոշի։ Ինչ վերաբերում է խցի՝ իբր ոչ բարվոք պայմաններին, ապա տեղեկացնում ենք, որ «Աբովյան» ՔՀԿ մոր և մանկան համար նախատեսված բոլոր խցերը կապիտալ վերանորոգված են, ապահովված 24-ժամյա տաք և սառը ջրով և կահավորված նաև մանկական մահճակալներով»,- ասված է հայտարարության մեջ։
Ավելի ուշ Փոստանջյանը գրել է, որ փոքրիկի հետ հիվանդանոց են տեղափոխել նաև կնոջը, բայց թե՛ իրեն, թե՛ հարազատներին չեն տեղեկացրել, թե որ հիվանդանոց են տեղափոխել նրանց։
Քրեակատարողական ծառայությունը Փոստանջյանին մեղադրել է «իրականությունը խեղաթյուրելու և հասարակության լայն շրջանակներում բացասական հուզական ֆոն ձևավորող տեղեկություններ տարածելու» մեջ։
Հուլիսի 11-ին Փոստանջյանն ահազանգել էր անչափահաս երեխաներ, այդ թվում՝ 8 ամսական երեխա ունեցող կնոջը կալանավորելու մասին։ Կինը մեղադրվում է անօրինական միգրացիայի կազմակերպման օժանդակության համար: