«Ազգային ճակատ» շարժման նախաձեռնությամբ ԱՄՆ Գլենդել քաղաքում հուլիսի 13-ին տեղի կունենա հանրահավաք՝ ի պաշտպանություն Հայոց եկեղեցու, հայտնել են Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհրդից։
Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հավելել է, որ հանրահավաքը կմեկնարկի տեղի ժամանակով 12:30-ին՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի մոտ։
«Հանրահավաքը նպատակ ունի արտահայտելու անհամաձայնություն Հայաստանի իշխանությունների կողմից Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորականների և ազգային մտածողություն ունեցող հասարակական գործիչների նկատմամբ իրականացվող ճնշումների դեմ։ Մասնակիցները կպաշտպանեն եկեղեցու ինքնիշխանությունն ու կրոնական ազատութունը և ձայն բարձրացնեն ազգային ու հոգևոր արժեքները թուլացնող քաղաքականության դեմ»,- ասված է հայտարարության մեջ։
Մայիսի 29-ից սկսած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում հայհոյանքներով լի մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով՝ կասկածի տակ դնելով նրա՝ կուսակրոնության ուխտի պահպանումը։ Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական խմբակի կողմից», հավելելով, որ պատրաստվում է Վեհարանի «ազատագրումն առաջնորդել անձամբ»։
Իրավապահ մարմինները հունիսի 25-ի և 27-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ինչպես նաև շարժման 14 աջակցի։ Գալստանյանը և «Սրբազան պայքարի» աջակիցները մեղադրվում են պետական հեղաշրջման և ահաբեկչության նախապատրաստության փորձ կազմակերպելու մեջ։ Նրանցից ոչ ոք չի ընդունում մեղադրանքը:
Դիտեք նաև՝