Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եկեղեցականներին վստահեցրել է, որ պետք է ընթացք չտալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձրացրած «աղմուկին», և այն աստիճանաբար կմարի, գրել է «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի՝ եկեղեցականները համոզված են, որ միայն լռությամբ կհասնեն հաջողության։
Լրատվականի փոխանցմամբ՝ իշխանությունները վստահ են իրենց հաղթանակի մեջ։
«Իշխանական վերնախավի համոզմամբ՝ վեհափառը ելք չունի, հայտնվել է մի իրավիճակում, որ պետք է «ենթարկվի» Փաշինյանի պնդումներին, և հոգևորականները պետք է նոր կաթողիկոս ընտրեն»,- գրել է օրաթերթը։
Մայիսի 29-ին Փաշինյանը հայտարարել էր, թե «հայկական եկեղեցիները չուլանոց, աղբավայր են դարձրել», ինչից հետո նրան քննադատել էին։ Ի պատասխան՝ մայիսի 30-ին մի շարք գրառումներով անդրադարձել էր հոգևորականներին ու նշել, որ պետությունը պետք է մասնակից լինի կաթողիկոսի ընտրություններին։ Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, հոգևորականներին մեղադրել էր այլասերվածության մեջ։
Հունիսի 2-ին Փաշինյանը հայտարարել էր՝ «եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը»։ Ավելի ուշ Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ էր արել կասեցնել «վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը»։ Հունիսի 9-ին վարչապետը կոչ էր արել համախմբվել նոր կաթողիկոսի ընտրության շուրջ՝ պնդելով, որ Գարեգին Երկրորդը զավակ ունի: Հունիսի 10-ի վաղ առավոտյան Փաշինյանն առաջարկել էր ստեղծել համակարգող խումբ՝ Սուրբ Էջմիածնի Վեհարանն ազատելու և կաթողիկոսական նոր ընտրությունների օրակարգի կազմակերպչական հարցերի համար։
Հունիսի 11-ին՝ կեսգիշերն անց, Գարեգին Երկրորդը ԱՄԷ-ից ժամանել է Հայաստան, նրան դիմավորել են իր աջակիցները: Կաթողիկոսը հայտարարել է՝ վարչապետի հայտարարությունները համընդհանուր վրդովմունք են առաջացրել: