Կիսապաշտպան Լուկաս Սելարայանը հեռացել է Հայաստանի ազգային հավաքականից, հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նշել է, որ Սելարայանը պլանավորել էր հեռանալ ազգային հավաքականից դեռևս իր նշանակվելուց առաջ։
«Խոսեցի նրա հետ, ասացի, որ հավաքականն ունի նրա կարիքը։ Իռլանդիայի դեմ խաղից առաջ նա հայտարարեց, որ կան ընտանեկան խնդիրներ, այլևս չի կարող գալ»,- նշել է մարզիչը։
Մելիքյանը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին ու ասել, որ ազգային հավաքականի դռները նրա համար բաց են մնում։
Սելարայանը Հայաստանի ազգային հավաքականին էր միացել 2021 թվականի սեպտեմբերին։
Սելարայանը ծնվել է 1992 թվականին՝ Արգենտինայի Կորդոբա քաղաքում։ Նա ֆուտբոլային կարիերան սկսել էր արգենտինական «Բելգրանո» ակումբում, որտեղ հանդես էր եկել 2012-2015 թվականներին։ 2016-2020 թվականներին խաղացել էր մեքսիկական «Տիգրես» ակումբում։ 2020-2023-ին ամերիկյան «Կոլումբուս Քրյու» ակումբում։ 2023 թվականի օգոստոսին՝ ֆուտբոլիստը միացել էր Սաուդյան Արաբիայի «Ալ-Ֆաթեհ» ակումբին։






































