«Արարատ-Արմենիան» դուրս է եկել Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլ՝ լրացուցիչ ժամանակում հաղթելով Ռումինիայի «Ունիվերսիտատեա Կլուժին»։
Ռումինացիները 13-րդ րոպեին բացել են հաշիվը՝ Յովո Լուկիչի գոլից հետո, սակայն երկրորդ խաղակեսում Կամո Հովհաննիսյանը խփել է պատասխան գոլը։ Հիմնական ժամանակն ավարտվել է 1։1 հաշվով։ Փոխարինման դուրս եկած Պոլ Այոնգոն 117-րդ րոպեին դարձել է հաղթական գոլի հեղինակ։ Երևանում կայացած խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։
Որակավորման երրորդ փուլում «Արարատ-Արմենիայի» մրցակիցը չեխական «Սպարտան» է։ Խաղերը կկայանան օգոստոսի 7-ին և 14-ին։
Այսօր ավելի վաղ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում հայկական «Փյունիկը» պարտվել էր հունգարական «Դյոր» թիմին և դուրս մնացել եվրագավաթային պայքարից։