Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 76 կգ քաշային կարգում Աննա Ամրոյանն արծաթե մեդալ է նվաճել, Միլենա Խաչատրյանը դարձել է փոքր արծաթե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Ամրոյանը պոկում վարժության ժամանակ բարձրացրել է 95 կգ և 100 կգ, հրում վարժությունում՝ 126 կգ ու 131 կգ։ Երկամարտի 231 կգ արդյունքով Ամրոյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է:
Խաչատրյանը պոկել է 95 կգ: Հրում վարժությունում նա հաջորդաբար բարձրացրել է 121 կգ, 128 կգ, 131 կգ: Երկամարտի 226 կգ արդյունքով Միլենան 6-րդն է:
Հայաստանը ԵԱ-ում ավելի վաղ երկամարտի 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ էր նվաճել:
Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսին արժանացել էին 55 կգ քաշային կարգում հանդես եկող Ալեքսանդրա Գրիգորյանը, 73 կգ քաշային Գոռ Սահակյանը, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը։ 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը երկամարտի 275 կգ արդյունքով (124+151 կգ) դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: