Հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը սև խաղաքարերով հաղթել է ադրբեջանցի մրցակցուհուն՝ Գովհար Բեյդուլլաևային, հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Մկրտչյանը ապրիլի 7-ին Հռոդոսում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի առաջնության յոթերորդ տուրում հաղթանակ էր տարել և այժմ 5,5 միավորով կիսում է 3-6-րդ տեղերը։
Եվրոպայի առաջնությունում առաջատարները վրացի Անաստասիա Կիրթաձեն ու սերբ Թեոդորա Ինյացն են, որոնք վաստակել են 6-ական միավոր և կես միավորով առաջ են Մկրտչյանից։
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը վաստակել է 5 միավոր և 9-րդ տեղում է: ՖԻԴԵ-ի կանանց վարպետ Աննա Խաչատրյանը վաստակել է 4,5 միավոր, իսկ գրոսմայստեր Մարիա Գևորգյանը և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը՝ 4-ական միավոր:
Ավելի վաղ ֆեդերացիան հայտնել էր, որ հայ շախմատիստները չորս տուրից հետո Եվրոպայի կանանց անհատական առաջնության առաջատարների թվում են։
Առաջնությունը կկայանա մինչև ապրիլի 11-ը, հաջորդ փուլը կմեկնարկի ապրիլի 8-ին՝ Երևանի ժամանակով 16:00-ին։