First Armenian Front ֆան շարժումը քննադատել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ Ազգերի լիգայի անցումային խաղերի շրջանակում մարտի 20-ին Երևանում կայանալիք Հայաստան-Վրաստան հանդիպման տոմսերի վաճառքի քաղաքականությունը։
«ՀՖՖ-ն գնում է կեղտոտ ճանապարհով՝ Հայաստանի հավաքականի ֆան շարժումների հասանելիք տոմսերը մեր ընտրանու առաջիկա` Հայաստան-Վրաստան սկզբունքային խաղին դարձնելով առևտրի կամ սակարկման առարկա»,- հայտարարել է First Armenian Front ֆան շարժումը։
Ըստ FAF-ի՝ Վրաստանի հավաքականի երկրպագուները հայտնել են, որ իրենց ֆան շարժմանը տրվել է ամբողջ հյուրերի սեկցիան՝ շուրջ 900 տեղ, նաև լրացուցիչ 1500 տեղ՝ հյուրերի սեկցիայի հարևանությամբ, իսկ ընդհանուր առմամբ՝ վրացի երկրպագուների կողմից երևանյան խաղի համար կա տոմսերի մի քանի հազարի հասնող պահանջարկ, որի արդյունքում սպասվում է յուրաքանչյուր տրիբունայում բացմաթիվ վրացի երկրպագուների ներկայություն՝ «սև շուկայից» ձեռք բերված տոմսերով։ FAF-ին, սակայն, տոմսեր չեն հատկացվել։
Դա, FAF-ի, կհանգեցնի նրան, որ տրիբունաներում Վրաստանի հավաքականի երկրպագուներն ավելի շատ կլինեն, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների էմոցիոնալ վիճակի վրա:
«Այսինքն՝ մարզադաշտում սպասվում է մրցակից թիմի բացարձակ ռեկորդային ներկայություն, ինչի արդյունքում ամբողջ խաղի ընթացքում լսվելու են մեծամասամբ վրացի երկրպագուների ձայները, մեր ընտրանու ֆուտբոլիստները չեն զգալու, որ սեփական մարզադաշտում են խաղում, ավելի տխուր և ոչ արժանապատիվ պատկեր հնարավոր չէ պատկերացնել»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ֆան շարժումների տոմսերը չտրամադրելով՝ «ՀՖՖ-ն կանցնի հնարավոր բոլոր կարմիր գծերը` զոհաբերելով հավաքականը հանուն աթոռից կառչելու հերթական փորձի»։
«Այս գործելաոճը բնութագրում է նրանց վերաբերմունքն ազգային հավաքականին և մեր ընտրանու արդյունքներին։ Եթե ՀՖՖ-ն որոշում կայացնի ֆան շարժումների սեկցիաների տոմսերը մասնակի կամ ամբողջական հանել ազատ վաճառքի, Վրաստանի դեմ խաղի հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնելու է ՀՖՖ ղեկավարության ուսերին»,- եզրափակել են շարժման անդամները։
2024 թվականի հոկտեմբերին, ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում Հայաստանի հավաքականի պարտությունից հետո, որին հաջորդել էր հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի պաշտոնանկությունը, ֆան-շարժումների ներկայացուցիչները պահանջել էին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը: ՀՖՖ-ն հոկտեմբերի 14-ին հայտարարել էր, որ ՀՖՖ նախագահի հրաժարականի հարց չի քննարկվում: Ինքը՝ Մելիքբեկյանը, հոկտեմբերի 21-ին հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ։
Փետրվարի 28-ին First Armenian Front ֆան շարժումը (FAF) հայտարարել էր, որ վերսկսում են ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ակցիաները ՀՊԼ-ի, Հայաստանի գավաթի և այլ խաղերին, ընդհուպ մինչև խաղերի չեղարկում։
Հունվարի 30-ին երկրպագուները ՀՖՖ-ին մեղադրել էին ազգային հավաքականի խաղերին իրենց ներկայությունը կանխելու մեջ։ Մարտի 1-ին ՀՖՖ-բ երկրպագուներին կոչ էր արել հանդիպումների ժամանակ ակցիաներ չիրականացնել՝ ընդգծելով, որ «Հանրապետական» մարզադաշտը գտնվում է ՈւԵՖԱ-ի հատուկ մոնիթորինգի տակ և կարող է որակազրկվել։
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի անցումային խաղերի շրջանակում մարտի 20-ին Երևանում կընդունի Վրաստանի հավաքականին, իսկ մարտի 23-ին կանցկացնի պատասխան խաղը Թբիլիսիում։