Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, որը ներկայացնում է «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանի շահերը, մեկնաբանել է մոսկովյան ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը, հայտնում է Championat.com-ը։
Նա պարզաբանել է, որ Թիկնիզյանն այժմ ուսումնամարզական հավաքի մեջ է, կենտրոնացած է «Լոկոմոտիվի» մարզումների և խաղերի վրա։
«Ինչ վերաբերում է Նաիրի բարձր պահանջների ու մնացածի մասին լուրերին, ապա դա կատարյալ անհեթեթություն է։ Ես չգիտեմ, թե ում են պետք այդ լուրերը, բայց դրանք իրականությանը չեն համապատասխանում»,- նշել է գործակալը:
Կլյուևը հավելել է, որ հանդիպել են «Լոկոմոտիվի» ղեկավարության հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, ամեն ինչ դրական ընթացք է ունեցել և ավելացնելու ոչինչ չունի։
Հունվարի 12-ին «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը մեկնաբանել էր Թիկնիզյանի հեռանալու մասին լուրերը և հայտնել, որ առաջարկներ չկան և որ լինելու դեպքում ակումբը կքննարկի։ 2024 թվականի փետրվարի 22-ին Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» գլխավոր մարզիչ Սերգեյ Սեմակը խոսել էր 24-ամյա պաշտպանի ձախողված տրանսֆերի մասին։