Երևանում հունիսի 13-ին՝ ժամը 20:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Symphony of Jazz համերգը, տեղեկացնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։
Ծրագրի առաջին բաժնում հանդես կգա Գարի Քյոսայանը (դաշնամուր), իսկ երկրորդ բաժնում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Տոմսերի արժեքը 3000-15 000 դրամ է։
Քյոսայանը ջազ երաժիշտ է, կոմպոզիտոր, դաշնակահար։ 1970 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Նա ջազի առաջին կատարողներից է Հայաստանում։ Ջազում իր կարիերան սկսել է 1973 թվականին՝ ստեղծելով առաջին ջազային տրիոն Հայաստանում։ 1988 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, իսկ 1990-ին հիմնադրել «Գարի Քյոսայան ջազ-կվարտետ» համույթը։
Գրել է մի քանի ստեղծագործություն, արել գործիքավորումներ, ձայնագրել ալբոմներ և մասնակցել բազմաթիվ համերգների։ Նրա առաջին ալբոմը՝ For You-ն, թողարկվել է ԱՄՆ-ում և արժանացել «Լավագույն ջազ ալբոմ» և «Լավագույն ջազ երաժիշտ» մրցանակներին։
2000 թվականին Քյոսայանը երաժշտություն է գրել Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա» ֆիլմի համար։ 2003 թվականին վերադարձել է Երևան։ 2010 թվականին գրել է երաժշտություն Արմեն Էլբակյանի բեմադրած «Մուսա լեռա 40 օրերը» թատերական ներկայացման համար։