ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընտրվել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, հայտնում է «Արմենպրեսը»։
Ըստ կայքի՝ Հարությունյանը միակ թեկնածուն էր։ Նա ընտրվել է 4 տարի ժամկետով: Ընտրությանը ներկա էին Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մոհամեդ Ջալուդը, այլ ֆեդերացիաների ներկայացուցիչներ:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան 2016 թվականից ղեկավարում էր Հրաչյա Ռոստոմյանը, որը հունվարի 18-ին հայտարարել էր պաշտոնը թողնելու մասին: Նա ընդգծել էր, որ ժամանակն է լինեն նոր դեմքեր՝ նոր ծրագրերով։
«Ինչ-որ իմաստով, ճակատագրի բերումով, զբաղեցրել էի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը։ Այն ժամանակ առաջարկը մեծ հաշվով ինձ համար անսպասելի էր և պայմանավորված էր առկա որոշակի խնդիրներով։ Կար պատկերացում, որ մի կարճ փուլ, խնդիրները կարգավորելուց, զարգացման ճիշտ հուն դնելուց հետո կզիջեմ իմ տեղը, բայց կյանքը գնաց այլ՝ իմ չպլանավորած ճանապարհով»,- գրել էր նա։
Այսօր ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Հարությունյանը հավակնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին։ Ըստ լրատվականի՝ իշխանությունները ծրագրում են ամբողջ մարզաշխարհը տեղափոխել Հարությունյանի հսկողության տակ։