Անկախության տոնը պատգամ է հավատարիմ մնալու ազգային զարթոնքի իղձերին, մեր արժեքներին ու սրբություններին և զորացնելու ու շենացնելու մեր պետությունը, սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնի իր ուղերձում հայտարարել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը։
Կաթողիկոսի խոսքով՝ 34-ամյա անկախ պետականության վերահաստատումը դարավոր նվիրական իղձ էր, որը ժողովուրդն իրականացրեց հավաքական կամքով, իր բարօր ու խաղաղ կյանքը կառուցելու և ազգային արժեքներով ապրելու ձգտումով։
«Այսօր մեր երկիրն ու ժողովուրդն անցնում են ծանր փորձությունների միջով՝ դիմագրավելով հետպատերազմյան դժվարություններն ու նեղությունները, արտաքին և ներքին բազում մարտահրավերներն ու հիմնախնդիրները։ Պետության հանդեպ մեր պատասխանատվությունը չի կարող հանդուրժել անարդարություն ու անօրինություն, ատելություն ու պառակտվածություն, կեղծիք և խաբեություն, այլ պիտի առաջնորդի մեր ժողովրդին համախոհության ու միասնականության, որպեսզի կարողանանք գտնել ներկա ծանր իրավիճակներից դուրս գալու ապահով ուղիները»,- հավելել է կաթողիկոսը։
Նա նշել է, որ պետության հանդեպ սերը պիտի դարձնենք վերհառնումի նախանձախնդրություն, միմյանց հանդեպ վստահություն ու հոգատարություն և հանձնառություն ու նվիրում՝ ամեն աշխատանքում ու բնագավառում։
«Միայն այսպես կարող ենք ունենալ խաղաղ ու բարօր ապագայի հույս ու հեռանկար՝ սաղմոսերգուի հետ հանապազ հայցելով Երկնավորից․ «Հիշի՛ր մեզ, Տե՛ր, ի հաճություն Քո ժողովրդի, և այցելի՛ր մեզ Քո շնորհելիք փրկությամբ» (Սաղմ․ 105․4)»,- մեջբերել է կաթողիկոսը։
Անկախության տոնը Հայաստանում նշվում է ամեն տարի սեպտեմբերի 21-ին։ 1990-ի օգոստոսի 23-ին Հայաստանի գերագույն խորհուրդն ընդունել էր Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը։ 1991-ի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդն անկախության հանրաքվեի ժամանակ կողմ էր քվեարկել Խորհրդային Միության կազմից դուրս գալու օգտին։


































