Տավուշի թեմի ուրարակիր Թովմաս Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ 5 օր շարունակ մերժել է կառավարության հետ համագործակցության մի շարք «գայթակղիչ» առաջարկներ»։
Նա կոնկրետ չի նշել, թե ինչ առաջարկներ են եղել, կամ ում կողմից, սակայն տեղեկացրել է, որ առաջարկները վերածվել են սպառնալիքների։
«Խնդրանքները կտրուկ դարձել են շանտաժ, շանտաժները՝ սպառնալիք: Փառք Աստծո՝ թաքցնելու և վախենալու ոչինչ չունեմ: Վստահ եմ՝ չեն ուշանա «պատժամիջոցները». բամբասանքից մինչև ձերբակալություն, բռնությունից մինչև ֆեյք-մեդիաահաբեկչություններ»:
Առաքելյանն Աստվածաշնչից մեջբերում է արել․
«Եղբայրնե՛ր, ամենայն ուրախության արժանի՛ համարեք, երբ տեսակ-տեսակ փորձությունների մեջ ընկնեք» (Հակոբոս 1:2): Պատրաստ եմ: Ուրախ եմ լինել ճշմարտության կողմում: Աստված օրհնի մեր երկիրն ու եկեղեցին»։
Հունիսի 26-ին դատախազությունը հայտնել էր, որ քրեական գործ էր հարուցել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ՝ ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (իշխանության յուրացման, տարածքային ամբողջականության խախտման կամ սահմանադրական կարգի բռնի փոփոխման հրապարակային կոչեր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ), ինչը պատժվում է մինչև հինգ տարվա ազատազրկմամբ։
Հունիսի 27-ի առավոտից ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ են իրականացնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նստավայրում։ Աջապահյանը համաձայնել է ներկայանալ իրավապահ մարմիններ և ապացուցել իր նկատմամբ հարուցված գործի անօրինականությունը։ Դրանից հետո իրավիճակը սրվել է։