Հունիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու որոշումն իրականացնելու ընթացքում արձանագրվել է քաղաքացիների կուտակում, և ՀՀ ԱԱԾ-ն և ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում են կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից, հայտնում է ԱԱԾ-ն։
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բոլոր քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ իրավիճակը լարելուց, չխոչընդոտել իրավապահ մարմինների օրինական որոշումների իրագործմանը: Աջապահյանին կոչ ենք անում չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ խմբին»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ԱԱԾ-ն շարունակում է իրականացնել օրենքով սահմանված իր գործառույթները՝ ապահովելով հանրային կարգի և անվտանգության պահպանումը, և իրավապահ մարմինների օրինական գործողություններին խոչընդոտելու դեպքերը կարժանանան իրավական գնահատականի։
Այսօր ավելի վաղ ԱԱԾ-ն որոշում էր կայացրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։
Հունիսի 27-ի առավոտյան փաստաբան Միհրան Պողոսյանը տեղեկացրել էր, որ 30 դիմակավորված անձ ներխուժել է Շիրակի թեմի առաջնորդարան։ Ավելի ուշ Աջապահյանի փաստաբան Թամարա Յայլոյանը հայտներ էր, որ իրեն թույլ չեն տվել ներկա գտնվել առաջնորդարանում տեղի ունեցող խուզարկությանը։
Հունիսի 26-ին հայտնի էր դարձել, որ Աջապահյանի նկատմամբ հունիսի 17-ին քրեական վարույթ էր նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով)։
Հունիսի 25-ին ԱԱԾ-ն խուզարկություններ էր իրականացրել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում իշխանության զավթման փորձի շուրջ քրեական գործի շրջանակում։ Այն հարուցվել էր Civic.am կայքի հրապարակած փաստաթղթի հիման վրա, որն, ըստ կայքի, «Հեղաշրջման պլան» էր։ Քննչական կոմիտեն հայտնել էր գործողությունների մասին։
Իրավապահներն, ընդհանուր առմամբ, 17 անձի նկատմամբ կալանքի միջնորդություն էին ներկայացրել դատարան։ Նրանցից 15-ի նկատմամբ դատարանը կիրառել էր կալանք՝ երկու ամիս ժամկետով։ Կանալավորվածների թվում է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Գալստանյանը։