«Տաշիր» ընկերությունների խմբի և Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը մեկնաբանել է Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների արշավը:
«Ի՞նչ կարծիք պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խումբ, մոռանալով Հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարամյա պատմությունը, հարձակվել է եկեղեցու, հայ ժողովրդի վրա: Ի՞նչ կարծիք պետք է ունենամ այս հարցի վերաբերյալ»,- News.am-ին տված հարցազրույցում հարցադրում է արել Կարապետյանը։
Նա հույս է հայտնել, որ իրավիճակի հանգուցալուծմանը մասնակից կլինեն այն քաղաքական գործիչները, որոնց համար տեղի ունեցողն անընդունելի է։
Գործարարը շեշտել է, որ Հայ եկեղեցու և հայ ժողովրդի կողքին լինելը հաշվի առնելով՝ անմիջական մասնակցություն կունենա եկեղեցու դեմ արշավը չեզոքացնելու գործընթացին։
«Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, մենք մեր ձևով կմասնակցենք այս ամենին»,- եզրափակել է Կարապետյանը:
Մայիսի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում մի շարք վիրավորական գրառումներ էր հրապարակել Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների դեմ, իսկ ավելի ուշ կոչ արել ընտրել նոր կաթողիկոս։
Հունիսի 2-ին Փաշինյանը կասկածի տակ էր դրել այն փաստը, որ Գարեգին Բ-ն պահպանել է կուսակրոնության երդումը։ Այնուհետև Փաշինյանը հայտարարել էր կաթողիկոսին փոխելու համար համակարգող խումբ ստեղծելու մասին։ Մասնավորապես, «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, ինչպես նաև Ռուսաստանում գործող 10-ից ավելի հայկական կազմակերպություններ, հանդես էին եկել իշխանություններով հակաեկեղեցական արշավի դեմ։ «Հայաքվե» նախաձեռնությունը առաջարկել էր ստեղծել համազգային հասարակական մարմին՝ եկեղեցին պաշտպանելու համար։