Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որով նա կոչ էր արել համախմբվել նոր կաթողիկոսի ընտրության շուրջ։ Քահանան եկեղեցու շուրջ տեղի ունեցողն «ահաբեկչության ծրագրավորում» է անվանել։
«Հայաստանում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում՝ պետական մակարդակով: Ո՞ւր եք երկրի համապատասխան կառույցներ, որտե՞ղ եք պետական ներկա ու նախկին գործիչներ, պատգամավորներ և մնացյալ հանգամանավոր անձեր։ Միթե այդքան կույր եք և այդքան խուլ: Միթե այդքան նվաստ եք, այդքան վաճառված հոգիներ, որ Ձեր նենգ խաղերի սլաքներն ուղղում եք Սուրբ եկեղեցուն և Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ինչ է, ժողովրդին բախմա՞ն եք տանում: Սուրբ եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել»,- գրել է քահանան։
Նա հավելել, որ «Հայոց եկեղեցում հուդաներ չկան, որ վաճառվեն և Տիրոջ Օծյալի դեմ ամբոխի ուղեկցեն»։
«Լսեցեք և կանգ առեք, ապիկարներ, ոչ մի եկեղեցական՝ ամենախոնարհ սպասավորից մինչև բարձրաստիճան, երբեք ձեզ թույլ չի տա պիղծ ձեռքերով ու անձերով Սուրբ Էջմիածնի և նրա Ազգընտիր ու Աստվածարյալ Հայրապետի վրա սուր բարձրացնել: Հայոց Եկեղեցում ամեն մի սպասավոր առաքյալ է՝ պատրաստ նահատակվելու»,- եզրափակել է քահանան։
Մայիսի 29-ին Փաշինյանը հայտարարել էր, թե «հայկական եկեղեցիները չուլանոց, աղբավայր են դարձրել», ինչից հետո նրան քննադատել էին։ Ի պատասխան՝ մայիսի 30-ին մի շարք գրառումներով անդրադարձել էր հոգևորականներին ու նշել, որ պետությունը պետք է մասնակից լինի կաթողիկոսի ընտրություններին։
Հունիսի 2-ին Փաշինյանը հայտարարել էր՝ «եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը»։ Հունիսի 9-ին Փաշինյանը պնդել է, որ Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի՝ կոչ անելով համախմբվել նոր կաթողիկոսի ընտրության շուրջ։