Հայաստան ներմուծված 557 տոննա ձմերուկի խմբաքանակից 213 տոննան արգելվել է, հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Գերատեսչությունից մանրամասնում են, որ ՍԱՏՄ-ն իրականացվող սահմանային պետական վերահսկողության շրջանակներում նմուշառումներ է կատարել մայիսի 26-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում:
«Լաբորատոր փորձաքննության արդյունքում, հունիսի 1-ի դրությամբ, արգելվել է 213 տոննա ձմերուկի մուտքը երկիր՝ պայմանավորված «նիտրատներ» ցուցանիշով հայտնաբերված անհամապատասխանություններով»,- ասվում է հաղորդագրությունում:
Ըստ տեսչական մարմնի՝ ձմերուկի մյուս խմբաքանակների հետազոտության արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես:
Այսօր ավելի վաղ ՍԱՏՄ-ն հայտնել էր, որ անհայտ ծագման կենդանիների ցանկացած խմբաքանակի մուտքը Հայաստան կասեցվելու է։