Հայաստանի պատմության թանգարանում հունիսի 3-ից օգոստոսի 30-ը կգործի «Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» ցուցադրությունը։
Նշվում է, որ կներկայացվի 15 բնօրինակ ցուցանմուշների ընտրանի Ասսենի Դրենց թանգարանից՝ համադրված Հայաստանի պատմության թանգարանի նմուշների ընտրանիով։
Թանգարանից մանրամասնել են, որ դեռևս 2022թ․ Նիդերլանդների Դրենց թանգարանում կազմակերպված «Արարատի հմայքի ներքո» ցուցադրությունից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ Հայաստանում պատասխան ցուցահանդեսի կազմակերպման վերաբերյալ:
«Այս համատեղ ցուցադրությունը կբացահայտի Հյուսիսային Եվրոպայի նոր քարե դարի, ուշ բրոնզե դարի և վաղ երկաթե դարի ժամանակաշրջանների հարուստ պատմությունն ու մշակույթը և այցելուին զուգահեռներ անցկացնելու հնարավորություն կտա»,- ասվում է նկարագրության մեջ։
Հավաքածուները կհամադրվեն պատկերային և անիմացիոն նյութերով։ Ցուցադրությունը կեզրափակվի հայ-հոլանդական առնչությունների ներկայացմամբ․ առանցքում կլինեն հայերի մասին հիշատակությունները Նիդերլանդներում՝ սկսած դեռևս 4-րդ դարից, 18-րդ դարում հայերի կողմից Ամստերդամում հիմնադրված տպարանը, ինչպես նաև առևտրական կապերը։