Մահացել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի և ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանների հայրը՝ Սարգիս Կարապետյանը, հայտնել են Լեռնահովիտի՝ Սարգիս Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցից։
«Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենությունն ու մանկավարժական անձնակազմը խորապես վշտացած են դպրոցի անվանակիր, վաստակաշատ մանկավարժի անդառնալի կորստի կապակցությամբ: Կարապետյանը բացառիկ անհատ էր՝ կրթության հանդեպ անսահման նվիրվածությամբ, բարոյական բարձր արժեքներով և սերունդներ ձևավորելու անկոտրում կամքով»,- ասված է հայտարարության մեջ։
Դպրոցից նշել են, որ նրա թողած կրթական և մարդկային ժառանգությունը դուրս էր գալիս դասասենյակի սահմաններից։
«Նրա ժառանգությունն ապրում է մեր դպրոցում, աշակերտների գիտակցության մեջ և կրթական առաքելության մեր ամենօրյա գործերում։ Խորին ցավակցություն ենք հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր կիսում են այս անդառնալի կորստի վիշտը»,- հավելել են դպրոցից։
Նրա մահվան մասին Instagram-ի իր էջում գրել է նաև իր դուստրը՝ Կարինե Կարապետյանը։