Հայաստանի 1101 քաղաքացիների 62%-ը հավանություն է տվել մայիսի 9-ին Մոսկվայում Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի տոնակատարություններին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը, այդ մասին են վկայում MPG/Gallup International Association-ի կողմից ապրիլի 29-ից մայիսի 2-ն անցկացված հարցման արդյունքները։
Հայաստանում GALLUP-ի անդամ ընկերության ղեկավար Արամ Նավասարդյանի խոսքով՝ հարցվածների 36,7%-ը միանշանակ ճիշտ է համարել Փաշինյանի՝ միջոցառումներին մասնակցելու որոշումը, 25,4%-ը՝ «ավելի շուտ ճիշտ» է գնահատել։ Հարցվածների 9,5%-ն «ավելի շուտ սխալ», իսկ 22,8%-ը միանշանակ սխալ է համարել։
Քաղաքացիների ավելի քան 88%-ի համար Հաղթանակի տոնը` Մայիսի 9-ը, կարևոր և տոնական օր է։
«Հարցմանը մասնակցածների 75%-ը Մայիսի 9-ը միանշանակ կարևոր ու տոնական օր է համարել։ Ավելի շատ տոնական օր է համարել 13,6%-ը, իսկ ավելի շուտ տոնական կամ կարևոր օր չի համարել 5,9%-ը։ Օրը տոնական կամ կարևոր միանշանակ չի համարել 5,2%-ը»,- ասել է Նավասարդյանը։
Մարտի 14-ին Կրեմլը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետը հաստատել է իր մասնակցությունը Մոսկվայում Մայիսի 9-ի տոնակատարություններին։