Թբիլիսին կշարունակի միջնորդական ջանքերը տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման և գերիների ազատ արձակման ուղղությամբ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնը։
Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել վրաց իշխանություններին տասնհինգ հայ ռազմագերիների վերադարձման ուղղությամբ գործադրած միջնորդական ջանքերի համար։
Կավելաշվիլին կարևորել է քրիստոնեական հավատքի բացառիկ դերակատարությունը հայ և վրացի ժողովուրդների հոգևոր, մշակութային, ազգային ինքնության պահպանման և պատմության ընթացքում մարտահրավերների հաղթահարման գործում։
Կավելաշվիլին Հայաստան էր ժամանել ապրիլի 28-ին։ Այսօր Հայաստանի և Վրաստանի նախագահները ԶԼՄ-ների համար հանդես էին եկել հայտարարություններով։ Կավելաշվիլին ընդգծել էր, որ Թբիլիսին շարունակում է խորացնել Երևանի հետ կապերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կավելաշվիլին քննարկել էին երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության տարբեր ասպեկտներ։