Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակում ընդգրկվել է հայազգի 9-ը գործարար։
Հրատաարակությունը 2025-ի ցուցակում ընդգրկել է 3028 միլիարդատերի, ինչը 247-ից ավելին է, քան 2024 թվականին:
«Նրանք հարուստ են, քան երբևէ՝ 16,1 տրիլիոն դոլար ընդհանուր կարողությամբ, ինչը 2024 թվականի համեմատ աճել է գրեթե 2 տրիլիոն դոլարով: ԱՄՆ-ն ունի ռեկորդային՝ 902 միլիարդատեր, որին հաջորդում են Չինաստանը (516, ներառյալ՝ Հոնկոնգը) և Հնդկաստանը (205)», ասվում է հրապարակման մեջ:
Հայերից ամենահաջողակը գործարար Ալբերտ Ավդոլյանն է, ով Forbes-ի համաշխարհային ցուցակում զբաղեցրել է 717-րդ տեղը։ Yota ընկերության հիմնադիրն իր կարողությունը մեկ տարում ավելացրել է 2,1 մլրդ դոլարով՝ հասցնելով 5 մլրդ դոլարի։ Նրան են պատկանում հեռավորարևելյան և սիբիրյան ածխի արդյունահանման և գազի ընկերությունները։ Ավդոլյանն իր կապիտալն ստացել է ռուսական Megafon և Yota օպերատորների բաժնետոմսերի վաճառքից, նշում է Forbes-ը։ 2022 թվականին նա սկսել է մասնավոր երկաթուղու կառուցումը Յակուտիայի ածխի հանքավայրերից մինչև ապագա նավահանգիստ Օխոտսկի ծովի ափին, որը կոչվում է «Խաղաղօվկիանոսյան երկաթուղի»: Դրա երկարությունը մոտ 500 կիլոմետր է։
Ավդոլյանին հաջորդում է արգենտինահայ գործարար և Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանը, ով 3,4 մլրդ դոլար կարողությամբ զբաղեցնում է ցուցակի 1072-րդ տեղը: 2024 թվականին նա զբաղեցրել էր 1104-րդ հորիզոնականը։ Էռնեկյանն սկզբում աշխատել է տեքստիլ արդյունաբերության մեջ, ապա 1980-ականներին տեղափոխվել է կաբելային հեռուստատեսություն, իսկ 1990-ականներին ստացել է 750 մլն դոլար արգենտինական Cablevision հեռուստաընկերության վաճառքից։ Corporacion America-ի հետ միասին Էռնեկյանն ունի ավելի քան 50 օդանավակայան ամբողջ աշխարհում, որոնց եկամուտը գերազանցում է 1,5 մլրդ դոլարը: Նրա ակտիվները ներառում են Արգենտինայում նավթի և գազի արդյունահանման օբյեկտներ, հանքավայրեր և խողովակաշարեր:
Ցուցակում հայերի շրջանում երրորդ տեղում է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը, ով վարկանիշում զբաղեցնում է 1141-րդ հորիզոնականը։ Չնայած համաշխարհային բացասական իրավիճակին՝ Կարապետյանի կարողությունն աճել է 300 մլն դոլարով և հասել 3,2 մլրդ դոլարի։ Հայաստանում «Տաշիր» ընկերությունների խմբի ակտիվների թվում են էներգետիկ օբյեկտները և երկրի խոշորագույն էլեկտրակայաններից մեկը։ Կարապետյանը վարկանիշային աղյուսակում իր տեղը կիսել է Սերգեյ Գալիցկու հետ։
Վարկանիշում 1141-րդ հորիզոնականն զբաղեցրել է նաև Սերգեյ Գալիցկին (ազգանունը մինչ ամուսնությունը՝ Հարությունյան)։ Magnit մանրածախ ցանցի հիմնադրի և «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի նախագահի կարողությունը գնահատվում է 3,2 մլրդ դոլար, ինչը 100 մլն դոլարով քիչ է 2023 թվականի համեմատ: Գալիցկին իր հայկական արմատների մասին խոսել է «Մայակ» ռադիոկայանին տված հարցազրույցում։ «Ես 75%-ով էթնիկ ռուս եմ, 25%-ով՝ հայ, քանի որ մեծացել եմ ռուսական միջավայրում, ցավոք, հայերեն չգիտեմ, այնուամենայնիվ, հպարտ եմ իմ հայկական արմատներով»,- 2013թ. ասել էր նա:
Հայկական արմատներով ռուս և անգլիացի գործարար Անդրեյ Անդրեևն (Օհաջանյանց) զբաղեցրել է 1688-րդ տեղը՝ 2,1 մլրդ դոլար կարողությամբ։ 2004 թվականից Անդրեևն ստեղծել է հինգ կայք և հավելված՝ առցանց ծանոթությունների համար՝ Mamba, Badoo, Bumble, Chappy և Lumen: Նրա ամենահաջողված նախագիծն ԱՄՆ-ում ստեղծված Bumble-ն է։ 2019-ի նոյեմբերին Անդրեևը վաճառել է իր բաժնետոմսերը Bumble և Badoo-ում Blackstone Group-ին, որը դրանք գնահատել է 3 միլիարդ դոլար։
Հայազգի գործարար Քիմ Քարդաշյանը 1851-րդ տեղից իջել է 2019-րդ հորիզոնական, կարողությունը մնացել է անփոփոխ՝ 1,7 մլրդ դոլար։ Քարդաշյանը մեծ համբավ է ձեռք բերել Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի թողարկումից հետո և կարողացել է այն վերածել տասը նիշանոց կարողության։ 2023 թվականի հունիսին Քարդաշյանն ու նրա խորթ քույրը՝ Քայլի Ջեները, ընդգրկվել էին Forbes-ի կողմից Ամերիկայի 100 ամենահարուստ ինքնուրույն հաջողության հասած կանանց ցուցակում։
Ռուսական Fix Price ռիթեյլերի համահիմնադիր Արտյոմ Խաչատրյանը վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 2110-րդ տեղը։ Նրա կարողությունը գնահատվում է 1,6 մլրդ դոլար, որն անփոփոխ է 2024 թվականի համեմատ: Fix Price-ը ներառում է ավելի քան 4000 խանութ Ռուսաստանում, Ղազախստանում, Վրաստանում, Բելառուսում, Լատվիայում, Ղրղզստանում և Ուզբեկստանում:
Ամերիկաբնակ կանադահայ գործարար, բիոտեխնոլոգիական Moderna ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանն զբաղեցրել է 2623-րդ տեղը՝ 1,2 մլրդ դոլար կարողությամբ՝ 200 մլն դոլարով պակաս նախորդ տարվա համեմատ։ Նա նաև Flagship Pioneering-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենն է, որը Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում հիմնված գիտությունների նորարարական ընկերություն է: Աֆեյանն օգնել է հիմնել ավելի քան 70 պետական և մասնավոր ընկերություն առողջապահության և կենսաբանության բնագավառներում: Բացի Moderna-ում իր բաժնետոմսերից, նա նաև բաժնետոմսեր ունի Միացյալ Նահանգների ավելի քան մեկ տասնյակ հրապարակային բիոտեխնոլոգիական ընկերություններում: Աֆեյանը միլիարդատեր է դարձել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրության շնորհիվ:
2623-րդ տեղն Աֆեյանի հետ կիսել է Ադրբեջանի կողմից ձերբակալված Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը։ Նրա կարողությունը գնահատվում է 1,2 մլրդ դոլար, ինչը 100 մլն դոլարով գերազանցում է 2024 թվականի տվյալները։ Forbes-ը բացատրել է, որ 2022 թվականի նոյեմբերին Վարդանյանն իր բիզնես ակտիվները փոխանցել է ընտանեկան տրեստին։ Վարդանյանը դարձել է ՀՀ քաղաքացիություն ունեցող միակ միլիարդատերը Forbes-ի համաշխարհային վարկանիշում։ Դա պայմանավորված է նրանով, որ նա 2021 թվականին ստացել էր հայկական անձնագիր, իսկ 2022 թվականին հրաժարվել էր ռուսականից։ Մինչ այդ ամերիկյան ամսագիրը Վարդանյանին դասում էր ռուս միլիարդատերերի շարքին։