Ադրբեջանցիները հարձակվել են իմ YouTube-յան ալիքի վրա և, կեղծ հղումներ անելով, ջնջել 6 երգ, հայտնել է երգիչ Էրիկ Կարապետյանը։
Երգչի ալիքի վերաբերյալ զանգվածային բողոքներ են արձանագրվել այն բանից հետո, երբ Կարապետյանի «Ոչ ավել, ոչ պակաս» ստեղծագործությունը կատարվել էր ռուսական հեռուստաալիքով՝ «Անդրեյ Մալախովի կիրակնօրյա շոու» հաղորդաշարում ադրբեջանցի արտիստների կատարմամբ։ Կարապետյանը հայտարարել էր դատական գործ հարուցելու մասին, և այս հատվածը շուտով հանվել է հաղորդման ձայնագրությունից։
«Իրենց սովոր ձևով՝ շանտաժի միջոցով փորձում են վերականգնել իրենց կատարումներից մեկը, որը մենք արդեն հեռացրել ենք YouTube-ից և երբեք չենք վերականգնելու»,- գրել է երգիչը։ Նա հավելել է, որ YouTube-ից հեռացված երգերը կվերականգնվեն, և նման «էժանագին» քայլերն իրեն չեն վախեցնում և չեն կանգնեցնելու՝ անգամ եթե ջնջեն բոլոր հաշիվները։
2023 թվականի նոյեմբերին Ադրբեջանի մտավոր սեփականության գործակալությունը հայ երգիչներին մեղադրել էր ադրբեջանցի կոմպոզիտորի ստեղծագործություններն իբր յուրացնելու մեջ։