ԴՕԿ կուսակցության նախագահ Անի Խուդավերդյանը մանրամասներ է հայտնել կուսակցության առաջնորդ, բլոգեր Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի մասին։
«Այս պահին իրեն լավ է զգում, գտնվում է բժիշկների հսկողության ներքո»,- Asekose.am-ին հայտնել է Խուդավերդյանը։
Նրա խոսքով՝ Ղուկասյանը շատ է աշխատում, քնում է ընդամենը 4 ժամ և «նրա մարմինն էլ կարող է պահի տակ տկարանալ»։
«Սրտի մկանի կծկում է ունեցել, ճնշման տատանում, տեղափոխել են հիվանդանոց, հիմա գտնվում է բժշկական հսկողության տակ։ Ամեն ինչ նորմալ է։ Կարծում եմ՝ պարոն Ղուկասյանը երկար չի կարող պառկել, մի երկու-երեք օրից դուրս կգրվի»,- ասել է Ղուկասյանի կուսակիցը։
Նա հավելել է, որ Ղուկասյանը շուտով կվերադառնա ու կպատասխանի բոլոր հարցերին։
USArmenianews.com-ը հայտնել էր, որ փետրվարի 20-ի երեկոյան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է և նա տեղափոխվել է հիվանդանոց։ Ըստ կայքի՝ Ղուկասյանն ունեցել է սրտի խնդիր և արյան բարձր ճնշում, նրա առողջական վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր, կայուն և նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: