Telcell-ը հայտնել է Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի վճարման դինամիկ QR կոդերի ներդրման մասին։ Նշվում է, որ QR-ները հնարավոր չէ նկարել էկրանից (screenshot կամ screen recording)։
Ըստ ընկերության՝ ուղետոմսերը պաշտպանված են լինելու դինամիկ մեխանիզմով, այսինքն՝ QR-ները պարբերաբար թարմացվելու են։ Դինամիկ QR-ներ ունեն հետևյալ փաթեթները՝ 1 օր, 1 շաբաթ, 1 ամիս, 3 ամիս, 1 տարի։
Նշվում է, որ փաթեթը գնելով՝ քաղաքացին կստանա բազմակի օգտագործման QR, որով կարող է օգտվել ավտոբուսից, տրոլեյբուսից և մետրոյից՝ իր փաթեթով նախատեսված ժամկետի շրջանակներում։
Երևանցիները փետրվարի 1-ից բոյկոտում են հասարակական տրանսպորտի ուղեվարձի 100 դրամից 150 դրամ թանկացումը։
2024 թվականի մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծը, որն սկսել էր գործել 2025 թվականի հունվարի 1-ից։ Փետրվարի 11-ին Երևանի քաղաքապետարանն ընդլայնել էր տրանսպորտային արտոնություններից օգտվող քաղաքացիների շրջանակը։