Խաղի մշակող Xaxalove ընկերությունը զանգահարել է հաճախորդներին և պահանջել վերադարձնել Արցախը պատկերող փազլները, որպեսզի նոր տարբերակները թողարկվեն առանց դրա, հայտնել է Alfa Kids Academy երեխաների զարգացման կենտրոնի տնօրեն Անուշ Աթաջանյանը։
Նա պատմել է, որ դեկտեմբեր ամսին ձեռք է բերել Հայաստանի քարտեզով փազլներ՝ ներառյալ Արցախի տարածքը, սակայն փետրվարի 13-ին արտադրողը զանգահարել է նրան և պահանջել դրանք վերադարձնել։
Կենտրոնի տնօրենի հարցին, թե իսկապե՞ս առգրավվում են փազլները՝ առանց Արցախի նորերը թողարկելու համար, Xaxalove-ի ներկայացուցիչն արձագանքել է, որ «իրեն դա հրահանգել են»։ Աթաջանյանը նշել է, որ ինքն էլ Արցախից է և անընդունելի է համարում նման փոփոխությունները։
«Հաջորդ քարտեզը կպահանջեն առանց Սյունիքի կամ Երևանի թողարկել, անելո՞ւ եք։ Խիզախություն չունե՞ք հրաժարվել։ Դուք որ ձերից այդքան հեշտ հրաժարվում եք, բա էլ թուրքին ինչո՞ւ եք մեղադրում»,- ասել է Աթաջանյանը զանգողին։
Alfa Kids Academy-ի տնօրենի խոսքով՝ ընկերությունը փորձել է արդարանալ՝ նշելով, որ իրենք փորձել են փազլները պահել նախկին տեսքով, «բայց նրանց թույլ չեն տալիս»։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը 2024 թվականի հոկտեմբերին հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք է։ Նա նաև նշել էր, որ «ոչ ոք երբեք չի ճանաչել Արցախի անկախությունը»։
Կարդացեք նաև՝ «Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն։