Վաշինգտոնի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ցույց են անցկացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԱՄՆ կատարած այցի ժամանակ, հայտնում է Հայաստանի երիտասարդական ֆեդերացիան (AYF):
Նրանք Փաշինյանին մեղադրել են Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտելու և Արցախին դավաճանելու մեջ։
«Ոչ մի վարչապետ չի կարող կասկածի տակ առնել Ցեղասպանությունը, վիրավորել Սփյուռքին և սպառնալ Հայաստանի պետականությանը և միևնույն ժամանակ ակնկալել ջերմ ընդունելություն մեր համայնքներում»,- ասել են նրանք ակցիայի ժամանակ։
Նրա այցը ԱՄՆ մայրաքաղաք համարել են իմիջը բարելավելու փորձ՝ հայկական Սփյուռքի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ մասին հայտարարություններից հետո։ Ցուցարարներից շատերն ասել են, որ իրենք Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ են, ուստի վարչապետի խոսքերն անընդունելի են համարում։
Ակցիան տեղի է ունեցել Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատան մոտ։ Երիտասարդ ակտիվիստները փակցրել են Փաշինյանի կառավարման արդյունքում հայերի կյանքում տեղի ունեցած փոփոխությունները ներկայացնող պաստառներ՝ «Հայկական հողն օկուպացված է», «Ցեղասպանությունը մերժված է», «Փախստականները մոռացված են», «պատանդները լքված են», «Արցախը դավաճանված է», «ինքնիշխանությունը հանձնվել է», «Ժողովրդավարությունը խարխլված է» բովանդակություններով։
Հունվարի 24-ին Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանը, պատասխանելով Հայոց ցեղասպանության մասին հարցին, ասել էր, որ «պետք է հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ, ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել»։ Նա հավելել էր՝ «ինչպե՞ս է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չկար և ինչպե՞ս է, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ է հայտնվել»։ Նա հայտարարել էր Հայոց ցեղասպանության պատմությանը «վերադառնալու» անհրաժեշտության մասին։
Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, փետրվարի 3-7-ն աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում։ Այցի շրջանակներում վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»։