ՀՀ ՆԳՆ-ն առաջարկել է 24/7 ժամանակի ռեժիմով հասանելիության տրամադրում ապահովել օդանավակայանների մուտքերն ու ելքերը տեսանկարահանող տեսահսկման համակարգերին։ Համապատասխան նախագիծը ներկայացվել է կառավարության հունվարի 30-ի նիստին։
Նախագծով առաջարկվում է «ՀՀ պետական կառավարման համակարգի մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական և համայնքային ենթակայության կազմակերպություններից, էլեկտրոնային համակարգերի միջոցով վերահսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող մարմնից, օդանավակայաններից և պետական սահմանի անցման կետերից պահանջել և ստանալ տեսագրություններ, հասանելիություն ունենալ դրանց տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին»։
Հիմնավորման մեջ առաջարակը բացատրվում է ահաբեկչության սպառնալիքի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալների և մարդու կյանքին ու առողջությանը, պետության անվտանգությանը սպառնացող մի շարք հանցագործությունների աճի պայմաններում «առավել լայն հնարավորություններ ստեղծելու նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործություններին և մյուս հնարավոր իրավախախտումներին հնարավորինս արագ արձագանքելու անհրաժեշտությամբ»։
Նախատեսվում է օրենքը գործադրել 2025թ․ հուլիսի 1-ից։
2024 թվականի հուլիսի 31-ին ռուս սահմանապահները 32 տարվա ծառայությունից հետո ավարտել էին իրենց ծառայությունը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։