Քաղաքացիների 90%-ը բացասական է վերաբերվել տրանսպորտի գնի փոփոխությանը, վկայում են MPG/Gallup International Association-ի հեռախոսային հարցման տվյալները։
GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ քաղաքացիների 2%-ը գնային փոփոխությունները նշել է լիովին դրական, 11,4%-ը՝ ավելի շուտ դրական, 15,2%-ի կարծիքով՝ փոփոխություններն ավելի շատ բացասական են, 68,7%-ը նշել է ընդհանրապես բացասական։
«Այսինքն՝ գրեթե 90 տոկոսը նշել է բացասական»,- պարզաբանել է Նավասարդյանը։
2024 թվականին Երևանում խցանումներն ավելացե՞լ, թե՞ պակասել են հարցին 71,6%-ը նշել է, որ ավելացել են։ 14,8%-ի կարծիքով՝ մնացել են նույնը։ 2,5%-ի կարծիքով՝ խցանումները պակասել են։
Քաղաքացիների միայն 7,8%-ն է տրանսպորտի վճարման նոր համակարգը համարում լիովին դրական։ 26,1%-ը նշել է ավելի շուտ դրական, 13,5%-ի կարծիքով՝ այն ավելի շուտ բացասական է, իսկ 49,5%-ը նշել է ընդհանրապես բացասական։ Այսինքն՝ քաղաքացիների շուրջ 64%-ն այն համարում է բացասական։
2024 թվականի օգոստոսին MPG/Gallup International Association-ի հեռախոսային հարցման տվյալների համաձայն՝ հարցվածների գրեթե 50%-ը կողմ էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրաժարականին։
2024 թվականի մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծը։ Ավինյանը հունիսի 25-ին ասել էր, որ 2025 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել հասարակական տրանսպորտի ուղեվարձի միասնական համակարգ, որը նախատեսում է տրանսպորտի թանկացում։ Սակագներն ուժի մեջ կմտնեն փետրվարի 2-ից։
Նոյեմբերի 3-ին Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության նախագահ Հայկ Մարությանը հայտարարել էր հունվարի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ստորագրահավաք սկսելու մասին։ Նոյեմբերի 19-ին Երևանի ավագանին ընդունել էր տրանսպորտի սակագների արտոնությունների փաթեթը, ըստ որի տրանսպորտից օգտվող առանձին խմբերի համար կգործեն այլ սակագներ, առանձին խմբեր տրանսպորտից անվճար կօգտվեն։
Հունվարի 15-ին Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը հայտնել էր, որ Մարությանը 76 հազար ստորագրություն է հավաքել ընդդեմ հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման։
Մարությանը և «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հունվարի 19-ին կոչ էին արել փետրվարի 1-ից բոյկոտել մայրաքաղաքում տրանսպորտի սակագինը բարձրացնելու իշխանությունների ծրագրերը։