Հայաստանում նոյեմբերի 15-ից մարտի 31-ը վարորդներին արգելվել է ամառային անվադողերով երթևեկել։ Արգելքը վերաբերում է մինչև 3,5 տոննա քաշով մարդատար և բեռնատար մեքենաներին։
Որոշումն ընդունվել է կառավարության նոյեմբերի 28-ի նիստում և ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 10-ից։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ ծրագրի նպատակն է բարձրացնել ճանապարհային անվտանգության մակարդակը և նվազեցնել անբարենպաստ եղանակային պայմաններում պատահարների դեպքերը։
«Հանրապետությունում ձյան կամ հորդառատ տեղումներով պայմանավորված՝ ընդհանուր օգտագործման ճանանապարհներին գրանցվում են ՃՏՊ-ներ, որոնց պատճառներից են նաև վարորդների կողմից եղանակին պայմաններին չհամապատասխանող անվադողերով երթևեկելը։ Ներկայում գործող ճանապարհային երթևեկության կանոններում բացակայում է ձմեռային անվադողերով երթևեկելու պահանջը»,- պարզաբանել է նախարարը։
Նախագծով նախատեսվում է նաև առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանել 5000 դրամով, իսկ եթե ավտոմեքենան վթարի ենթարկվի՝ 20 000 դրամով։ Ամռանը կարգելվի մեքենաների երթևեկությունը, եթե դրանց վրա տեղադրված են բութակավոր հակասահքային անվադողեր։
Հայաստանում ձմեռային անվադողերի գները միջինում տատանվում է 40-118 հազար դրամի սահմաններում (100-300 դոլար)՝ համաձայն նման անվադողերի վաճառքի ինտերնետային կայքերի բաց տվյալների։
Վարորդների համար ձմեռային անվադողերի տեղադրումը կարող է արժենալ 158 000 դրամ (400 դոլար), ինչը 32 անգամ ավել է սեզոնին դրանք չունենալու նվազագույն տուգանքից։