Հայաստանում արդեն հասանելի են Starlink-ի արբանյակային ինտերնետ ծառայությունները, հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ այն կապահովի արագ, հուսալի արբանյակային ինտերնետ՝ քաղաքներից մինչև ամենահեռավոր գյուղերն ու դժվարամատչելի շրջանները։
«Այս կարևոր քայլը հնարավոր դարձավ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Starlink ընկերության և պետական գործընկերների համատեղ ու նվիրված աշխատանքի շնորհիվ»,- գրել է Հայրապետյանը։
Starlink-ը գլոբալ արբանյակային համակարգ է, որը տեղադրվել է SpaceX-ի կողմից՝ ապահովելու գերարագ լայնաշերտ արբանյակային ինտերնետ հասանելիություն այն վայրերում, որտեղ այն անհասանելի է։
2024 թվականի հոկտեմբերին ԲՏԱ նախարարությունից Armenia Today-ին հայտնել էին, որ նախարարությունը և Starlink ընկերությունը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքում ընկերության արբանյակային ցանցի գործարկման շուրջ։ Դեկտեմբերի 13-ին Starlink-ը Հայաստանում գործունեության թույլտվություն և լիցենզիա էր ստացել։